Գրադարանային ցանցի աջակցության ծառայությունների և գրադարանների արդիականացումը Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում հնարավոր է գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով: Այս թեմայով սեպտեմբերի 10-13 ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անգլերեն լեզվով վարպետության դասեր անցկացվեցին գրադարանավարների համար: Բանախոսներն էին Իռլանդիայի Լիմերիկի տեխնոլոգիական ինստիտուտի գրադարանի հետազոտությունների, զարգացման և նորարարությունների ծրագրի պատասխանատու Պադրիգ Քըրբին և նույն ինստիտուտի գրադարանավար Ջերալդ Քավանագը:
Գրադարանային գործի միջազգային փորձագետները երեք օրերի ընթացում անդրադարձան բուհական գրադարաններին վերաբերող հարցերին, ինչպես նաև տեղեկատվական գրագիտությանն առնչվող մի շարք թեմաներ քննարկեցին:
Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի մատենագետ Արփինե Գրիգորյանն ու գրադարանավար Լուսինե Իսախանյանը նույնպես մասնակցեցին դասընթացին: Բոլոր մասնակիցներին տրվեցին վկայականներ:
Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ ծրագրի գործունեության ամփոփիչ աշխատաժողովը, որին մասնակցեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը:
Նա համառոտ ներկայացրեց Ս. Էջմիածնի Մատենադարանի գործունեությունը՝ կարևորելով բուհական գրադարանների դերն ու նշանակությունը բարձրագույն կրթության ոլորտում: Պարոն Մուրադյանն նշեց նաև, որ Ս. Էջմիածնի Մատենադարանից հիմնականում օգտվում են Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարձրագույն կրթական հաստատությունների սաները և այս առումով ծրագիրը հետաքրքրում է նաև Ս. Էջմիածնի Մատենադարանին: