Համագործակցություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարարություն

  • 25 Jan 2018
  • Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման, այդ բնագավառի պետական քաղաքականության մշակման, այն շարունակորեն կատարելագործելու, պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 1-ից Հայասատանի Հանրապետության կառավարության կազմում սկսել է գործել սփյուռքի նախարարությունը: ՀՀ նախագահի հրամանագրով նախարար է նշանակվել Հրանուշ Հակոբյանը:

    Քսանմեկերորդ դարում Հայկական պետականության և աշխարհասփյուռ հայության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները պահանջում են նոր որակ, ձև և բովանդակություն հաղորդել հայոց պետականության ամրապնդման և հայապահպանության գրավականին՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հենվելով առավելապես մարդկային, մշակութային և սոցիալական կապիտալի, հասարակական լիարժեք ինտեգրման և մրցունակության կռվանների վրա:

    Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական նպատակը պատմական Հայրենիքում հաստատված կամ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, արցախցու կամ սփյուռքահայի հիմնարար իրավունքների և ազատությունների, նրա օրինական շահերի պաշտպանությունն է՝ միջազգային իրավունքի շրջանակներում և հայ ազգային ինքնության որակների պահպանությունը՝ հայապահպանությունը:

    Նախարարությունը մշակել և իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի հայկական դպրոցների հանրակրթական և մեկօրյա դպրոցների զարգացմանը, աջակցում է հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը և տարածմանը, այլալեզու և այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը, նրանց «հայադարձությանը», աջակցում  աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը և Սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Հայաստան:

    Նախարարությունն աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագրերին Սփյուռքի ձեռներեցների մասնակցությանը, հայկական պետականության ամրապնդմանն ու համազգային խնդիրների լուծմանը սփյուռքահայերի արդյունավետ մասնակցության համար նպաստավոր քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավական և հոգևոր միջավայրի ձևավորմանը: Նախարարության կարևորագույն խնդիրներից է նպաստել սփյուռքի չկազմակերպված հատվածի ինքնակազմակերպմանը, համահայկական մասնագիտական հանձնախմբերի, միավորումների ստեղծմանն ու գործունեությանը, սփյուռքահայերի երկքաղաքացիության ձեռքբերման պարզ և հստակ ընթացակարգերի ձևավորմանն ու կիրառմանը:

    Սփյուռքի նախարարությունը ձեռնամուխ է եղել համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորմանն ու զարգացմանը, Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, տնտեսական, մտավոր, գիտակրթական, հոգևոր-մշակութային կարողությունների ու ջանքերի համախմբմանը՝ ուղղված պետությունների և միջազգային համայնքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ԼՂՀ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, նպաստում է հակահայկական քարոզչության և հայատյացության, հայոց պատմության կեղծարարների գործունեության կանխարգելմանը, բացահայտմանը և հակազդեցությանը: Սփյուռքի նախարարությունը ապաքաղաքական կառույց է, նրա դռները բաց են յուրաքանչուր սփյուռքահայի առջև, և այն իրավամբ դարձել է յուրաքանչյուր «սփյուռքահայի տուն»:

     

     

    shape
    book-shape