Լուրեր

 ‹‹Տեխնոլոգիաների զարգացումը պետք է նպաստի միմիայն մարդկային կյանքի բարօրությանը և խաղաղությանը››. Հայոց Հայրապետ

‹‹Տեխնոլոգիաների զարգացումը պետք է նպաստի միմիայն մարդկային կյանքի բարօրությանը և խաղաղությանը››. Հայոց Հայրապետ

  • 16 Oct 2016
  •        «IEEE EWDTS’ 2016` Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ» միջազգային 14-րդ գիտաժողովի մասնակիցները գիտաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Զորյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ‹‹Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում հանդիպեցին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

        Գիտաժողովին մասնակցում են շուրջ 200 ներկայացուցիչ 31 երկրից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գերմանիայի, Շվեդիայի, Կանադայի, Ռումինիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի առաջատար ընկերություններից ու համալսարաններից հրավիրված 25 բանախոս: 
         Սկզբում տիար Ե. Զորյանը Նորին Սրբությանը ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին և ստացավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը:
          Գարեգին Բ Կաթողիկոսը, ողջունելով ամենքին, ի մասնավորի անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին: 
            Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգևոր առաքելության հետ մեկտեղ եղել է նաև կերտողն ու արարողը հայ մշակույթի   և  հովանավորը գիտության: Այս իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ներկաների մատուցած ծառայությունները՝ կարևորելով այն հանգամանքը, որ նրանց մտքի արգասիքները նպաստեն միմիայն մարդկային կյանքի առաջընթացին ու բարօրությանը, խաղաղությանն ու արդարությանը: 
         Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց գիտաժողովի նախագահ Ե. Զորյանին` Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հարցում ունեցած կարևոր ներդրումի և ազգային կյանքում բերած օգտաշատ մասնակցության համար:
         Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

    shape
    book-shape