Լուրեր

«Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

«Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 28 Jun 2017
  • Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում՝ կազմակերպված ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

     Քննարկմանը բացման խոսքերով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը և Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին:

     Նաթան Սրբազանն իր ողջույնի խոսքում ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքն ու բարեմաղթանքները և երախտագիտություն հայտնեց հայ-իրանական հանդիպում-քննարկման կազմակերպիչներին:

     Սրբազան Հայրը կարևորեց նման քննարկումները, որոնք նպատակ են հետապնդում նպաստել տարածաշրջանում բնապահպանության մշակույթի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների արծարծմանը: Նաթան արքեպիսկոպոսը մտահոգությամբ նշեց, որ մարդկանց կողմից բնության չարաշահումն ու շահագործումը և դրանից բխող հետևանքները սահմաններ չեն ճանաչում, ինչն անհանգստություն է առաջացնում տարածաշրջանում, այդ թվում նաև` Հայաստանում: Սրբազան Հայրը մասնավորաբար ընդգծեց ու հաստատեց այն իրողությունը, որ բոլոր կրոնները պարտավորեցնում են իրենց հետևորդներին պահպանել բնությունը՝ իբրև Աստծո արարչագործություն:

     Իր հերթին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին հանդիպումը նկատեց հայ-իրանական միջկրոնական երկխոսության կարևոր քայլ և հույս հայտնեց, որ ընդհանուր մտահոգիչ հարցերի շուրջ նման քննարկումները տեղի կունենան պարբերաբար և կձևավորեն երկխոսության բարի մի ավանդույթ:

     Ապա օրվա թեմայի շուրջ բանախոսեցին Երևանի պետական համալսարանի Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ կ.գ. թեկնածու Նելլի Հովհաննիսյանը («Մարդու և բնության փոխազդեցությունը և փոխընկալումը ժամանակի մեջ») և Թեհրանի Գիտության և մշակույթի համալսարանի ռեկտոր, մշակույթի գերագույն խորհրդի «Մշակույթ, արվեստ և ճարտարապետություն» հանձնաժողովի քարտուղար դոկտոր Մոհամմադհոսեյն Իմանի Խոշխուն («Կրոնական զբոսաշրջություն, մարդ և բնություն»):

     Հանդիպման երկրորդ նիստին զեկույցներով հանդես եկան Իրանի կրոնագետների գերագույն խորհրդի քարտուղար և Շիագիտության համաշխարհային կոնգրեսի նախագահ դոկտոր Այաթ Փեյմանը («Զբոսաշրջություն, բարոյականություն, խաղաղություն և բարեկամություն») և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը («Արարչագործության հետ ներդաշնակ»):

     Զեկուցողները նաև պատասխանեցին ներկաների հարցերին, ներկայացրեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կատարվեց քննարկված նյութերի ընդհանուր ամփոփում:

     

    shape

    տեսադարան

    book-shape