Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի երկար տարիների համագործակցության արդյունքում Մատենադարանը պարբերաբար հարստացել է նոր և արժեքավոր գրականությամբ։
Եվ ահա համագործակցության ևս մեկ դրսևորում։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Մայր Աթոռի Մատենադարանին է նվիրաբերել վերջին տարիների իր արժեքավոր հրատարակություններից 75 միավոր գրականություն։ Նվիրատվությունն արվել է Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում՝ ընդգծելով գրքի դերն ու արժեքը հայ հասարակության համար։
Պատմական, հայագիտական, ցեղասպանագիտական, աղբյուրագիտական արժեք ունեցող գրքերը հայ ժողովրդի դարավոր պատմության, հասարակական-քաղաքական զարգացումների վերլուծություններ են և պահանջված են Մատենադարանի ընթերցողների կողմից։
Ս․ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենությանը՝ ակնկալելով հետագա արդյունավետ համագործակցություն։