Լուրեր

Պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների այցը Մայր Աթոռ

Պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտների այցը Մայր Աթոռ

  • 08 Apr 2014
  • Ապրիլի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի ավարտական լսարանի ուսանողներին` ուղեկցությամբ համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:
    Հանդիպման սկզբում պրն. Ռ. Միրզախանյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց Հայոց պատմության ամբիոնի շրջանավարտներին` խորհրդանշական նկատելով այն, որ Հայոց Հայրապետի հետ հանդիպումը տեղի է ունենում Մայր Աթոռի նորաբաց գիտամշակութային կենտրոնում` «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, ուր համալսարանի ուսանողներին նաև հնարավորություն է ընձեռվում աշխատելու իրենց գիտական թեզերի վրա: Այցի առիթով Մանկավարժական համալսարանի ռեկտորը հայցեց Նորին Սրբության օրհնությունն ու պատգամը երիտասարդներին` արգասավոր գործունեություն ծավալելու իրենց մասնագիտական ոլորտում:
    Վեհափառ Հայրապետը նախ իր շնորհավորանքներն ու մաղթանքներն ուղղեց ներկա ուսանողուհիներին` Ս. Աստվածածնի Ավետման բերկրառատ տոնի առիթով, ապա անդրադարձավ Հայ ժողովրդի պատմության ապագա ուսուցիչների և մասնագետների Մայր Աթոռ այցի կարևորությանը: 
    «Մեծ և պատասխանատու առաքելություն է իջած ձեր ուսերին, որովհետև պատմության ուսումնասիրությամբ ազգայինն ավելիով է յուրացվում, և դուք ազգի կենսագրությունն եք մատուցում սերունդներին, ովքեր ճանաչում են ազգի մշակույթը և կրողը դառնում ազգային իղձերի ու երազանքների: Այս իմաստով անձն ավելի պատասխանատու է դառնում, երբ լավագույնս իմանում է իր անցյալի պատմությունը, ճանաչում իր ժողովրդի անցած ուղին, հաղորդ է իր պատմական ակունքներին ու արմատներին: Հետևաբար յուրաքանչյուր հայորդի, ով իրազեկ է իր ժողովրդի անցյալին ու պատմական ժամանակագրությանը, ավելի մեծ պատասխանատվությամբ է ապրում իր կյանքը` հպարտ լինելով իր փառահեղ պատմությամբ», - նշեց Նորին Սրբությունը:
    Խոսելով հայ ժողովրդի պատմության քառուղիներում քրիստոնեական արժեհամակարգի և Հայ Եկեղեցու կարևոր դերակատարության մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար ասաց. «…Քրիստոնեական հավատքով են թրծվել բոլոր այն արժեքները, որոնցով մենք հպարտանում ենք, ուստի ամենքդ պիտի կարողանաք հայ ժողովրդի պատմության մեջ քրիստոնեական հավատքի ու Հայ Եկեղեցու ունեցած դերակատարությունը ճիշտ մատուցել մատաղ սերնդին, քանի որ քրիստոնեական հավատքի շնորհիվ ենք դիմագրավել ու հարատևել պատմության բովում»: Վեհափառ Հայրապետը հորդորեց երիտասարդ պատմաբաններին իրենց քայլերը մշտապես ուղղել դեպի Մայր Եկեղեցի, որտեղից պիտի առնեն լույս, ներշնչանք ու ոգի` պայծառ կերպով շողարձակելու ազգային կյանքից ներս, որպեսզի հայ ժողովուրդն ապրի` իր հանճարն արգասավորելով և վերածելով աստվածահաճո գործերի:
    Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ապագա մանկավարժներին հուզող հարցերին ու մտահոգություններին, որոնք մասնավորապես վերաբերում էին սիրիահայությանը Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցությանը, ԲՈՒՀ-երում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հնարավորությանը, հարանվանությունների և կրոնական այլ կազմակերպությունների հետ Հայ Եկեղեցու հարաբերություններին, Մայր Աթոռի քարոզչական գործունեությանը: 
    Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի բաժնի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

    Հանդիպման ավարտին ուսանողներն այցելեցին «Ռուբեն Սևակ» թանգարան:

    shape
    book-shape