Լուրեր

«Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշերը» խորագրով միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

«Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշերը» խորագրով միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

  • 31 Mar 2016
  • Մարտի 31-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս.Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ. ժամանակակից հասարակության զարգացման հոգևոր-բարոյական ուղենիշները» խորագրով միջազգային մեկօրյա գիտաժողով:

    Գիտաժողովը կազմակերպել էր Սուրբ Աթոս լեռան ռուսական սրբավայրերի աջակցման բարեգործական հիմնադրամը` աջակցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Ռուսաստանի կանանց միության: Գիտաժողովին մասնակցում էին ՌԴ և ՀՀ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, հոգևոր և գիտական շրջանակների շուրջ 150 ներկայացուցիչներ:
    Բացման խոսքում համաժողովի մասնակիցներին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները` Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ուրախություն հայտնեց, որ համաժողովն անց է կացվում Հայաստանում` ի մասնավորի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Նաթան Սրբազանը, խոսելով ավանդության կարևորության և քրիստոնեական արժեքների պահպանության անհրաժեշտության մասին, ընդգծեց, որ եթե չկա ավանդություն ու հիշողություն, ազգը նմանվում է ամնեզիայով տառապող հիվանդի, ով չգիտի` ով է ինքը, որտեղից է գալիս և ուր է գնում:
    Վերջում Նաթան արքեպիսկոսպոսը, աղոթելով ներկաների համար, բեղուն աշխատանք մաղթեց համաժողովի մասնակիցներին և վստահություն հայտնեց, որ այն կբերի իր բարի պտուղները ապագա համագործակցության համար:
    Այնուհետև զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը` զեկուցելով Մայր Աթոռի ՔԴԿ գործունեության մասին:
    Գիտաժողովի նիստերին ներկայացվեցին հետևյալ զեկույցները` «Ընտանիքի և երեխաների իրական շահերի պաշտպանության հարցերը Ռուսաստանի և Հայաստանի արդի հասարակություններում և ապագայի խնդիրը» (ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանին կից Ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության խորհրդի անդամ Մարիա Մամիկոնյան), «Ընտանիքը որպես իրավունքի օբյեկտ» («Ռուսական ժողովրդական Սոբոր» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Արսենի ավագ քահանա Գրիգորյանց), «Անբարոյականության գաղափարախոսության հաղթարշավը և հասարակական բարոյականությունը» (Իրավական գիտ. դ., պրոֆեսոր Իգոր Պոնկին), «Ընտանիքը որպես իրավունքի օբյեկտ» (Երևանի Ս. Աստվածածին ռուսական եկեղեցու հոգևոր հովիվ Արսենի ավագ քահանա Գրիգորյանց), «Ժամանակակից բժշկությունը և ավանդական արժեքները» (Ռուսական բնագիտական ակադեմիայի ակադեմիկոս, բժշկ. գ. դ., պրոֆեսոր Գառնիկ Քոչարյան), «Ավանդական արժեքները և եվրասիական ինտեգրացիան» (քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Խաչիկ Գալստյան), «Կրոնական աղանդները որպես հայկական հասարակության վրա արտաքին ուժերի ազդեցության գործիք» (Հումանիտար զարգացման միջազագային հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյան), «Ավանդական արժեքների ճգնաժամը իբրև ազգային անվտանգության սպառնալիք» (Առաջանցիկ զարգացման և մտավոր-կադրային ռեսուրսի ձևավորման ասոցիացիայի գործադիր տնօրենի տեղակալ Պավել Ստեպանով):
    Գիտաժողովի ավարտին ներկաների կողմից ընդունվեց համատեղ հայտարարություն:
    Գիտաժողովի շրջանակներում Հայաստանի Ազգային արխիվի ջանքերով կազմակերպվել էր նաև ռուս-հայկական հոգևոր պատմական ժառանգությանը նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցադրություն:

    shape
    book-shape