Լուրեր

Կ. ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ ՆՇՈՒՄ Է 110-ԱՄՅԱԿԸ .  «ԺԱՄԱՆԱԿ. 100 ՏԱՐԻ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Կ. ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ ՆՇՈՒՄ Է 110-ԱՄՅԱԿԸ . «ԺԱՄԱՆԱԿ. 100 ՏԱՐԻ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

  • 26 Jan 2018
  •  

     Հայ իրականության ամենահին՝ «Ժամանակ» օրաթերթը նշեց իր 110-ամյա հոբելյանը: Առաջին իսկ հրապարակումներից ու հոդվածներից պարզ էր, որ օրաթերթը միշտ իր ձեռքում է պահելու ճշմարտության ազդակները, քննադատական գրչով բարձրաձայնելու է իրողությունը՝  հնարավորինս լույս սփռելով խավարի մեջ ու ստի վրա:

    Կ. Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման առթիվ հունվարի 26-ին Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան սրահում տեղի ունեցան Վահան Թեքեյանի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի՝ «Ժամանակ. 100 տարի» մատենաշարով լույս տեսած գրքերի և «Ժամանակ» օրաթերթի կայքէջի  հոբելյանական շնորհանդեսները: Միջոցառումները նախաձեռնել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը:

     Շնորհանդեսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Օրհնության խոսքը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան»  Մատենադարանի և Հրատարակչական բաժնի   տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Արժանապատիվ Տեր Հայրն իր ողջույնի խոսքում նշեց. «Մեր մասնակցությունը բերելով շնորհանդեսին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերել ենք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույնի և հայրապետական օրհնությունն ու գնահատականը հոբելյանական այս հիասքանչ միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին, ինչպես նաեւ՝ սերն ու շնորհավորանքները խմբագրակազմին, մտավորական բոլոր հայորդիներին, ովքեր իրենց մտքի թռիչքով ու հանճարեղությամբ հայկական պարբերականներում եւ ի մասնավորի «Ժամանակ» օրաթերթում այսօր էլ կարողանում են ներկա ու գալիք սերունդներին փոխանցել ազգային-եկեղեցական, հասարակական-քաղաքական փորձառությունից քաղված պատմական դասերն ու խրատները»:

    Տեր Արարատ քահանա Պողոսյանը հայտնեց նաև, որ «Ժամանակ» օրաթերթի եւ վերոնշյալ հրատարակությունների կապակցությամբ Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը 2018 թ. առաջին անգամ լույս է ընծայելու Հայ Եկեղեցու մեծանուն սրբի՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» երկի՝ գրաբարից արեւմտահայերեն փոխադրությունը՝ կատարված Միսաք Գօչունեանի կողմից: Տեր հայրը անդրադարձավ նաև օրաթերթի անցած ճանապարհին ու մեզ թողած դասերին. «Օրաթերթը կյանքի կոչվեց հայ ժողովրդի օրհասական օրերին՝ Միսաք եւ Սարգիս Գօչունեան եղբայրների անձնուրաց ու հայրենանվեր գործունեության արդյունքում: Նույնիսկ 20-րդ դարասկզբին օրհասած Մեծ Եղեռնի տարիներին «Ժամանակի» ձայնը չլռեց. ընդհակառակը, ոգու եւ մտքի զինակիցներ ունենալով հայ մտավորականներին՝ նա քննադատական գրչով շարունակաբար բարձրաձայնեց ճշմարտությունը՝ դատապարտելով Օսմանյան կայսրության սահմաններում հայի տեսակի, հայի մշակույթի եւ ազգային այլ փոքրամասնությունների հանդեպ իրագործվող թալանն ու կոտորածը: Անմարդկային այս հնոցում թրծվելով՝ հետագա տարիներին «Ժամանկը» շարունակեց թրծել նաեւ հայ մամուլի բազմադարյա ավանդությունը, որի շնորհիվ աշխարհասփյուռ հայորդիները մասնակից էին դառնում մայրենի լեզվին ու մշակույթին, սեփական պատմությանն ու ազգային ընթացքին:

    Հոբելյանական այս պահին չենք կարող չարձանագրել, որ օրաթերթն ու նրա խմբագրակազմը՝ ի դեմս Գօչունեան գերդաստանի անխոնջ մշակի՝ Արա Գօչունեանի, այսօր էլ շարունակում են անշեղորեն քայլել նախնեաց կողմից ուղենշված ազգային-եկեղեցական ուղիով: Լույս ընծայելով օրաթերթում տպագրված մեծանուն հայորդիների՝ Ռուբեն Զարդարյանի, Երվանդ Սրմաքեշխանլյանի եւ Վահան Թեքեյանի հոդվածները, ինչպես նաեւ նորավեպերն ու ուղեգրությունները՝  «Ժամանակ» օրաթերթը պատեհ առիթ է ստեղծում՝ ո՛չ միայն վերարժեւորելու եւ նորովի մեկնաբանելու արեւմտահայ գրական ավանդությունը, այլեւ հորդորում է միանգամայն այլ տեսանկյունից ուսումնասիրել եւ ընկալել 20-րդ դարասկզբում հայ ժողովրդին պատուհասած դժբախտությունների ու հիմնահարցերի բուն էությունը»:

    Շնորհակալություն հայտնելով Տեր Արարատ քահանա Պողոսյանին Վեհափառի օրհնության խոսքը փոխանցելու, Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին սերտ համագործակցության ու աջակցության և ՀԲԸՄ-ին ջերմ ընդունելության համար՝ Արա Գոչունյանը նշեց, որ տպագիր մամուլն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, և թերթի խմբագրակազմն ամեն ինչ անում է՝ դրանք հաղթահարելու և ժամանակին համընթաց քայլելու համար: «Ժամանակ»-ի խմբագիրը կարևորեց նաև, որ թերթը սերտորեն աշխատում է հայաստանյան լրատվամիջոցների հետ՝ Հայաստանում ունենալով հինգ աշխատակից: «Կարծում եմ՝ հատկանշական է, որ «Ժամանակ»-ի 110 ամյակը համընկավ Հայաստանի Հանրապետության հռչակման 100 ամյակի հետ: Թերթը մեր արդի պատմության բոլոր իրադարձությունների ականտեսն ու վկան է եղել: Համագործակցենք և առաջ գնանք հանուն հզոր և խաղաղ Հայաստանի»,-նշեց Արա Գոչունյանը:

    ՀԲԸՄ Հայաստանի ներկայացչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը շեշտեց, որ միության և «Ժամանակ» օրաթերթի միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ: Հովիկ Յորդեկյանը ՀԲԸՄ-ի կողմից «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին հանձնեց հատուկ հուշանվեր և շնորհավորագիր:

    shape
    book-shape