Լուրեր

Ներսես Աշտարակեցու ծննդյան 250 ամյակին նվիրված շնորհանդես է անցկացվել

Ներսես Աշտարակեցու ծննդյան 250 ամյակին նվիրված շնորհանդես է անցկացվել

  • 29 Feb 2020
  • ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Աշտարակի քաղաքապետարանի և Հայ Առաքելական Եկեղեցու Աշտարակի հովվության նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Աշտարակի հայորդաց տանն այսօր կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան տարեդարձին նվիրված գիտաժողով: Գիտաժողովին ներկա էին ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, հոգևորականներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, ուսանողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովը սկսվել է Աշտարակի ՍԲ. Մարիանէ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանի աղոթքով: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն ասաց. -Ներսես Աշտարակեցու կենսագրությունից պարզ է դառնում, թե բազում դժվարություններ անցած հայ ժողովուրդն ինչպես է պատմության քառուղիներով եկել հասել մեր օրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցին ազգային ազատագրական պայքարն առաջնորդած գործիչ է, ով իր ավանդն է ունեցել գրեթե բոլոր բնագավառներում՝ կրթական համակարգում, դպրոցաշինության մեջ, հայ եկեղեցու դերի վերաիմաստավորման և մեր ազգային ինքնությունը պահպանելու գործում:
    Երբ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել, եկեղեցին է ստանձնել մեր պետության դերը, և մեզ պահողը եղել են մեր ազգային արժեքները: Ուրանալ դա, նշանակում է չնայել ճշմարտության աչքերին:

    Նվիրյալ հայորդիների շնորհիվ, որոնցից է Ներսես Աշտարակեցին, մենք համախմբվել և հաղթահարել ենք բազմաթիվ փորձություններ: Ներսես Աշտարակեցին փորձել է մեր ազգային ինքնությունը պահպանել իր հաստատակամ և հավասարակշռված մոտեցումներով, դրանք չի վերածել չմտածված քայլերի և արկածախնդրության, քարը քարին դնելով՝ ձգտել է հասցնել մեզ մեր նպատակին: Ցավոք, կենդանության օրոք նրա իղձերը չիրականացան, սակայն Ներսես Աշտարակեցու անկոտրում պայքարը հիմք հանդիսացավ հայոց պետականության վերականգնմանը, և մենք շատ դասեր ունենք քաղելու Ներսես Աշտարակեցու կենսագրությունից, անցած ճանապարհից: Գիտաժողովի ընթացքում հնչել են Ներսես Աշտարակեցու կյանքի, հոգևոր գործունեության վերաբերյալ զեկուցումներ, որոնցում ներկայացվել է Ն. Աշտարակեցու դերակատարումը հայ ազատագրական պայքարում, մշակույթի և կրթության բնագավառներում: Գիտաժողովն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ, սրահներում կազմակերպվել է ցուցահանդես-վաճառք: Զեկույցների ամփոփումից հետո ցուցադրվել է Ներսես Աշտարակեցու մասին պատմող ֆիլմ, ներկայացվել է Ներսես Աշտարակեցին որպես «Պաշտպան հայրենյաց»:
    Տ. Փառեն քահանա Առաքելյանը ներկայացրել է Ներսես Աշտարակեցու կոնդակները, ՍԲ. Մարիանէ եկեղեցում կատարվել է անդաստանի կարգ:

     

    shape
    book-shape