Լուրեր

Սուրբ Էջմիածնի Մատենադարանի գանձերից

Սուրբ Էջմիածնի Մատենադարանի գանձերից

  • 25 May 2022
  • այր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը, որպես հայ տպագիր ժառանգության պահպանման օջախ, հավաքագրում և պահպանում է կրոնական, աստվածաբանական, հայագիտական գրականությունը՝ ապագա սերունդներին ավանդելու նկատառումով։ Ներկայումս այստեղ է գտնվում տպագիր Աստվածաշունչ մատյանների առավել ամբողջական հավաքածուն, ուր առկա են տպագրություններ, որոնք ներառված չեն հայ գրքի համահավաք ցանկերում կամ բացակայում են այլ գիտակրթամշակութային կառույցներում։

    Սիրով ներկայացնում ենք 1883 թ․ Կ․ Պոլսի Պոյաճյան տպարանում տպագրված Աստվածաշունչը։

    Պոյաճյան տպարանն աչքի է ընկնում հայերեն և հայատառ թուրքերեն Աստվածաշունչ մատյանների տպագրության առավել մեծ քանակով։ Երբեմն նույն թվականին այս տպարանում Աստվածաշունչը որոշ տարբերություններով տպագրվել է մի քանի անգամ։ 1883 թ․ տպագրված սույն գիրքն այդպիսի հրատարակություն է։

    ????Ըստ «Հայ գիրքը 1851-1900 թթ․» մատենագիտության՝ 1883 թ․ Կ․ Պոլսի Պոյաճյան տպարանում տպագրվել է երկու Աստվածաշունչ, որոնք տարբերվում են էջակալությամբ, շարվածքի չափսով, տպագրական որոշ նրբություններով։ Ի հավելումն այս երկուսի՝ նշենք, որ հայտնի է նույն թվականի ևս մեկ տպագրություն, որի մասին սույն մատենագիտության մեջ որևէ հիշատակում չկա և որի եզակի օրինակներից մեկը պահպանվում է Մայր Աթոռի Մատենադարանում։

    Ա․ Ղազիկյանն իր մատենագիտության մեջ հիշատակել է 1883 թ․ տպագրված մեկ Աստվածաշունչ՝ նույն էջակալությամբ, սակայն հավելյալ որևէ տեղեկություն չի տվել։ Սուրբ Գրքի մասին որևէ տվյալ չի ներառվել նաև Գ․ Զարպհանալյանի մատենագիտության մեջ։

    ????Գրքի մատենագիտական նկարագրությունն է․ «Աստուածաշունչ։ Գիրք Հին եւ Նոր Կտակարանաց։ Եբրայական եւ յունական բնագիրներէն թարգմանուած․- Կոստանդնուպոլիս։ Ի տպարանի Ա․ Յակոբ Պօյաճեան, 1883․- 1010, 314 երկսյուն, 1 չհ․ էջ»։ Նոր Կտակարանի տիտղոսաթերթն է․ «Նոր Կտակարան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։ Յունական բնագրէն թարգմանուած․- Ի Կոստանդնուպօլիս։ Ի տպարանի Յակոբ Պօյաճեան, 1883»։

    Բաղկացած է Հին և Նոր Կտակարաններից՝ առանձին տիտղոսաթերթերով և էջակալությամբ։ Տիտղոսաթերթերը՝ գծափակ են, Ա․ տիտղոսաթերթին առկա է հին օսմաներեն գրություն, որով հավաստվում է գրաքննչական կոմիտեի կողմից գրաքննված լինելու փաստը։ Շարվածքը՝ 16x9,5 սմ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրինակն ունի կոշտ ոսկեզօծ շրջանակով կազմ՝ կապիչով, կռնակին ոսկեգույն տառերով նշված է «Աստուածաշունչ»։ Այս օրինակի էջերի երիզները ևս ոսկեզօծ են։ Պահպանման տեսանկյունից գտնվում է գերազանց վիճակում։

    Նույն թվականին տպագրված մյուս Աստվածաշունչ մատյաններից տարբերվում է էջերի քանակով, շարվածքի չափսով։ Տպագրություններից մեկն ունի շարվածքի գրեթե նույն չափսը, սակայն այս օրինակի տիտղոսաթերթին արտացոլված է «Տպագրեալ արդեամբք եւ ծախիւք Բրիտանական եւ արտաքին ընկերութեան Աստուածաշունչ Գրոց» նշումը, որը բացակայում է մեր օրինակում։ Տարբեր է նաև էջակալությունը։

    Ներկայումս 1883 թ․ տպագրված Աստվածաշնչի բոլոր երեք տարբերակներն առկա են Մայր Աթոռի Մատենադարանում, իսկ մատենագիտական նկարագրությունները հասանելի են էլեկտրոնային և քարտային գրացուցակներում։

    shape
    book-shape