Լուրեր

«Հեթում Բ․ արքայի ճաշոցը» գիրքը «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի

«Հեթում Բ․ արքայի ճաշոցը» գիրքը «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի

  • 21 Aug 2020
  • Օգոստոսի 20-ին ամփոփովել է ԱՊՀ երկրների ԳՐՔԱՐՎԵՍՏ մրցույթը: Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվում էր Մինսկում՝ հեռավար, մասնակցում էր ԱՊՀ վեց երկիր: Մասնակից երկրները՝ Հայաստանը, Բելոռուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը ներկայացրել էին գրքեր, որոնք մրցում էին տասը անվանակարգում: Հայաստանի Ազգային գրադարանից հայտնում են, որ Հաայաստանը ներկայացված էր չորս անվանակարգում՝ համապատասխան չորս գրքով: Չորս գիրքն էլ մրցանակային տեղերի են արժանացել:

    Ժյուրիի միաձայն քվեարկությամբ ամենապատվավոր ԳՐԱՆ ՊՐԻ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նահապետ» հրատարակչության կողմից ներկայացված Սեն Հովհաննիսյանի «Հայաստանի Ատլաս /Atlas of Armenia» գիրքը: Այն ստացել է նաև հատուկ մրցանակ «Գիտություն և Կրթություն» անվանակարգում:

    «Սյս տարվա մրցույթում սա միակ գիրքն էր, որը հաղթող ճանաչվեց միաժամանակ երկու անվանակարգերում: Ժյուրին բարձր գնահատեց թե՛ գրքի բարձր պոլիգրաֆիկ որակը, թե՛ աշխարհագրական լիարժեք ժամանակագրությունը, թե՛ մշակութային արժեքը, թե՛ այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է գրքի ստեղծման համար: Ժյուրիին հիացրեցին հատկապես գրքի՝ Հայաստանը կենդանի կերպով ներկայացնող նկարներն ու նկարազարդումները, որոնք արվել են բացառապես հեղինակի կողմից: Մեծ գնահատանքի արժանացավ նաև այն փաստը, որ քարտեզները մշակվել են քսան քարտեզագետների կողմից»,- նշում է Հայաստանի ազգային գրադարան Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ, մրցույթի հայստանյան ներկայացուցիչ Մարգարետ Ասլանյանը, որը նաև ժյուրիի անդամ էր:

    Մրցույթին ներկայացված մյուս երեք գրքերը տարբեր անվանակարգերում արժանացել են երկրորդ պատվավոր տեղին:

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ներկայացված «Հեթում Բ արքայի ճաշոցը» գիրքն էլ երկրորդ մրցանակի արժանացավ «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում: «Անտարես հրատարկչության կողմից ներկայացված «Մաեստրո. Սերգեյ Փարաջանով» գիրք ֆոտոալբոմը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ «Փոխադարձ բարեկամություն» անվանակարգում: «Իմ երկիրը» անվանակարգում ներկայացված «Իմ Երևան» ֆոտոալբոմը նույնպես զբաղեցրեց երկրորդ տեղը: Բոլոր նշված անվանակարգերում տասը գիրք էր ներկայացված, հետևապես սա նույնպես պատվավոր հաղթանակ էր»,-նշում է Մարգարետ Ասլանյանը:

    Մրցանակների պաշտոնական շնորհումը տեղի կունենա Մոսկվայի «Գրքի տոնավաճառ» ամենամյա փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերին:

    shape
    book-shape