Լուրեր

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

  • 29 Jun 2022
  • Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տպագրած մի շարք արժեքավոր գրքերի շնորհանդեսը, որին իրենց մասնակցությունն ունեցան հանրապետության տարբեր գիտական, կրթական, մշակութային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ սպաներ, հոգևոր հայրեր:

    Շնորհանդեսը մեկնարկեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանի և հրատակաչության տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի ողջույնի խոսքով, ով արժևորեց Սուրբ Էջմիածնի դերը հայ տպագիր ժառանգության ստեղծման, պահպանման և համալրման ազգանպաստ գործում: Շնորհանդեսին ներկայացված գրքերը՝ ըստ արժանապատիվ Տեր Հոր, հանդիսանում են գիտության, հոգևոր կյանքի ու մշակույթի կարևոր ձեռքբերումներ:

    Այնուհետև արժևորման ու գնահատման խոսքերով հանդես եկան գրքերի հեղինակները, կազմողները, աշխատասիրողները, որոնց տարիների անդուլ աշխատանքի արդյունքն էր կազմակերպված շնորհանդեսին ներկայացված գրքերը: Հակոբ Քյոսեյան, Վարդան Դևրիկյան, Արսեն Հարությունյան, երջանկահիշատակ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան, լուսահոգի Հենրիկ Սվազյան, Տեր Մովսես վարդապետ Սարգսյան, Վալերի Թունյան՝ անհատներ, գիտնականներ, որոնց ից շատերի ստեղծած գրական ժառանգությունը, յուրաքանչյուրն իր բնագավառում, մեծ ներդրում է հայ մշակութային ժառանգության անդաստանում։

    Ներկայացվող բոլոր գրքերն արժևորեցին բանախոսները՝ Տ. Շահե ծ. վրդ. Անանյանը, Տ. Ասողիկ աբղ. Կարապետյանը, Զարզանդ Ասատրյանը, Գևորգ Տեր-Վարդանյանը, Պարգև Բարսեղյանը, Վահե Թորոսյանը, Ստեփան Ստեփանյանցը:

    Շնորհանդեսին` ընդառաջ Ս. Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչության տնօրենի խնդրանքի, երջանկահիշատակ Շնորհք արք. Գալուստյանի սրբոց վարքագրական հայտնի աշխատության արևելահայերենի փոխադրության առիթով սրտի խոսք էր ուղղել Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արք. Մաշալյանը, որը միջոցառման ընթացքում հանդիսավոր ընթերցեց արժանապատիվ Տ. Արարատ քհն. Պողոսյանը։

    Միջոցառումն իրենց երաժշտական կատարումներով զարդարեցին Վաղարշապատի երաժշտական դպրոցի ներկայացուցիչները:

    Հավարտ շնորհանդեսի օրհնության խոսքով հանդես եկավ Ս. Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանը։

    Շնորհանդեսն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:

    shape
    book-shape