Լուրեր

Նվիրատվության հիմքում համագործակցություն

Նվիրատվության հիմքում համագործակցություն

  • 30 Jan 2018
  •  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին ՀՀ սփյուռքի նախարարությունը նվիրեց իր պատվերով լույս ընծայված և սփյուռքահայ գրողների հրատարակած գրքեր, որոնք հիմնականում Սփյուռքի հիմնախնդիրներին, Հայկական սփյուռքի պատմությանը և Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններ են: Նվիրվող գրականության ցանկում ընդգրկված էին նաև 2010-2016 թթ. հրատարակված «Հայկական սփյուռք» տարեգրքերը:

    Նախաձեռնությունն իրականացվել է Մատենադարանի տնօրինության՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ տարեսկզբին կայացած հանդիպումից հետո, երբ քննարկման արդյունքում որոշվել է երկու կառույցների միջև  սերտ համագործակցություն սկսել:

    Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը կարևորեց Մատենադարանի հետ սկիզբ առած համագործակցությունը՝  հույս հայտնելով, որ գրքերը ոչ միայն կհարստացնեն Մատենադարանի գիտական հիմքը, այլև օգտակար կրթագիտական աղբյուր կհանդիսանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների և, առհասարակ, ընթերցողների գիտելիքների պաշարի ավելացման համար: Քնարիկ Պետրոսյանը հավելեց նաև, որ հետագայում փոխադարձ համագործակցությամբ կշարունակեն  մի շարք կարևոր ծրագրեր կյանքի կոչել:

    «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ հանդիպումից կարճ ժամանակ անց համագործակցության առաջին քայլերը հաստատելու և Մատենադարանին նմանօրինակ արժեքավոր գրականություն նվիրաբելեու համար՝ շեշտելով, որ գրքերն իրենց ուրույն տեղն են գտնելու Մատենադարանի գրադարանային ֆոնդերի համապատասխան բաժիններում:

    Տեր Արարատը տեղեկացրեց նաև, որ նվիրված գրքերը որոշել են Մատենադարանի ընթերցասրահի խորհրդանշական «Սփյուռքի գրականություն» գրապահարանում մեկտեղել, որտեղից ընթերցողները կարող են առձեռն օգտվել Սփյուռքին և սփյուռքահայ գրողներին վերաբերող գրականությունից:

    «ՀՀ սփյուռքի նախարարության հետ այս կարևոր համագործակցությունը տրամաբանական շարունակություն է ունենալու և հետագայում զգալի արդյունք է տալու: Իբրև ասածիս երաշխիք՝ նշեմ, որ առաջիկայում նույնպես Մատենադարանի հավաքածուն կհամալրենք ոլորտին առնչվող բազմաբովանդակ գրականությամբ»,-ընդգծեց  Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

     

    ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին նվիրած գրականության ցանկը:

    shape
    book-shape