Լուրեր

Կոմիտասը և հավերժությունը

Կոմիտասը և հավերժությունը

  • 27 Sep 2018
  • Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ Հայաստանի օդը: Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկությունը անդիմադրելիորեն կլանում է ինձ:

    Երբ լսում եմ Կոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա: Ես պապակ շուրթերով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքա՜ն անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ:

    Արամ Խաչատրյան

    «Կոմիտասն անսպառ է, ամենուր է ու հավերժ… 2019 թվականին լրանալու է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակը: Օգտվելով այս առիթից և առաջնորդվելով «արժևորենք անցյալը, որ ստեղծենք ապագան» կարգախոսով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Էջմիածնի քաղաքապետարանը համատեղ նախաձեռնեցինք միջոցառումների շարք: Այն բազմաբովանդակ էր, հագեցած»,- նշում է Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

    Միջոցառումները շարունակվեցին 3 օր՝ սեպտեմբերի 25-27-ը: Առաջին օրը Վաղարշապատի Հ. Հովհաննիսյանի անվան տուն-թանգարանում բացվեց Կոմիտասի գեղանկարների ցուցահանդեսը, այնուհետև Կոմիտասի անվան քառյակի համերգն էր Վաղարշապատի պատմա-ազգագրական թանգարանում:

    Սեպտեմբերի 26-ին Վաղարշապատի քաղաքային հրապարակի Կոմիտաս Վարդապետի արձանի առջև ծաղկեփունջ դրեցին և աղոթք հնչեցրին, որից հետո ներկաները Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում ունկնդրեցին  Կոմիտասի երգերը Նաիրյան վոկալ անսամբլի կատարմամբ:

    Վերջին օրը բացօթյա համերգ տեղի ունեցավ  Ս. Էջմիածնի մատենադարանի առջև: Ելույթ ունեցավ Սայաթ-նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:

    Հայ երգահանի և նրան վերաբերող գրքերի և անձնական իրերի ցուցադրությունը նույնպես բացվեց սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռի  «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում: Դիրիժորական փայտիկները, թանաքաման գրչակալը, մոմակալը, կնիքի բռնակը, սուրճի գավաթը կարծես տեսանելի են դարձնում Կոմիտասի աշխարհը: Ամենն ամբողջանում է երգերի նոտաների շուրջ և նրա մտահոգ ու խոհուն հայացքի տակ:

    Ցուցադրությունը բաց է:

    shape
    book-shape