Լուրեր

ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՂՈԹՔԸ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ

ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՂՈԹՔԸ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ

  • 21 Apr 2022
  • Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կայացավ հերթական միջոցառումը՝ «Ընթերցումներ․ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» հայերեն և օտար լեզուներով» խորագրի ներքո։ Ս․ Էջմիածնի Մատենադարանի կամարների ներքո հնչեց Ներսես Շնորհալու աղոթքը՝ ավելի քան 20 լեզուներով։

    Ընթերցանությամբ հանդես եկան Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Արևելագիտության և Ռուս բանասիրության ֆակուլտետների, ինչպես նաև Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոնի ուսանողները:

    Ընթերցումներին իրենց մասնակցությունն էին բերել նաև հայ բանաստեղծ, թարգմանիչ, հրապա¬րակագիր, սերբագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Բաբկեն Սիմոնյանը, «Հայաստան-Հունգարիա» ընկերության նախագահ, հունգարագետ Անահիտ Սիմոնյանը, Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ասորերենի ուսուցչուհի Վերա Ավչյանը:

    Ներկաներին ողջույնի խոսք հղեց Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քհն․ Պողոսյանը, ով շեշտեց այս աղոթքի կարևոր նշանակությունը յուրաքանչյուր հայի կյանքում։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը բանախոսություն ներկայացրեց «Սուրբ Ներսես Շնորհալի աղոթագիր Հայրապետը» խորագրով:

    Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ Տ. Հովել քհն. Օհանյանի ներկայացմամբ մեկնարկեց «Հավատով խոստովանիմ» աղոթքի ընթերցումը՝ հայերեն և օտար լեզուներով։

    Միջոցառումը եզրափակեց Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը՝ Շնորհալու շարականների երգեցողությամբ։

    shape
    book-shape