Լուրեր

Նա առաջին հայ ուսուցիչն է

Նա առաջին հայ ուսուցիչն է

  • 05 Oct 2018
  •  

    …Ուսուցիչն ու աշակերտը միասին. և աշակերտը այժմ էլ, հազարավոր տարիներից հետո, իր առանձնության անկյունից կարծես նույն հիացմունքով է նայում այդ պատերին, որոնց ետևում ծածկված է ուսուցիչը…

    Նստենք, ընթերցող, Օշականի եկեղեցու բակում: Վաղարշապատի այրվող դաշտից հետո ո՜րքան հաճելի է հանգստանալ այս՝ մեղմ օրորվող ծառերի զով շվաքում: Սարի շունչը հանդարտ շոյում է մեր ճակատը, եկեղեցու պատերը քաղցր խորհրդավորություն են հաղորդում ամառնային առավոտին: Դարերն են շշնջում, լսենք նրանց: Ես դիտմամբ բերեցի ձեզ այստեղ: Մեսրոպի պատմությունը մի այլ տեղ անել չուզեցի: Լա՛վ է խոսել վկաների ներկայությամբ. ահա՛ Վահան Ամատունին, ահա և ինքը, մեծ մարդը…

     

    …Չորս հարյուր երեսունինն թվականի …Մեհեկանի 13-ին (փետրվարի 17-ին) մի մարդ մեռավ, և այդ դեպքն էր, որ հուզմունք տարածեց մայրաքաղաքի մեջ:

    Վերջին տասը տարիների ընթացքում հայ ժողովուրդը մեծ-մեծ կորուստներ էր ունեցել: Կորցրեց թագավորությունը, վերջացավ Արշակունիների տոհմը. կաթողիկոսական իշխանությունը խլվեց Գրիգոր Լուսավորչի տոհմից, հանձնվեց վատ ու արատավոր օտարազգիների:  Վեց ամիսը դեռ նոր էր անցել, ինչ խորին վշտի մեջ մեռել էր գահից հեռացրած հայոց կաթողիկոսը, որի հետ վերջանում էր Լուսավորչի հռչակավոր տոհմի հոգևոր տիրապետությունը: Իսկ այժմ ա՛յս կորուստը, վերջինը, որ տանում էր իր հետ գեղեցիկ հիշատակներ: Զգում էին, որ հայ աշխարհից վերանում է մի սուրբ, մի նվիրական բան…

    …Եվ այդքան սիրված ու  հարգված հանգուցյալը հռչակված իշխանավոր չէր, մեծանուն մի տոհմից չէր վարում իր ծագումը, պատերազմի հերոս չէր կամ հարուստ մի կալվածատեր, աշխարհ կառավարող, հրամանատար չէր եղել, ոչ իսկ այս աշխարհի հզորներից մեկն էր: Մոտ ութսուն տարեկան մի ծերունի վարդապետ,- վարդապետ և ո՛չ եպիսկոպոս,- հասարակ գյուղացու որդի.- ահա ով էր նա:

    Բայց այդ ծերունին մի հատ անուն ուներ. նա առաջին հայ ուսուցիչն էր: Գործել էր նա երեսունհինգ տարի, և այժմ, երբ մահը խլել էր նրա ձեռքից թուղթն ու գրիչը, Հայոց աշխարհը, առաջին անգամ իր պատմության սկզբից, գլուխ էր իջեցնում այդ նոր, մինչ այդ չեղած, գործչի առջև: Երևույթը որքան նոր էր, այնքան, և  ավելի էր, զարմանալի մեծ ու խորհրդավոր էր: Մի երկիր, որ դարերի ընթացքում իմացել էր միմիայն կոպիտ ուժի առջև խոնարհվել, այժմ գտնում էր պաշտելու արժանի մի նոր սկզբունք՝ մտավոր ուժը: Գրքի հերոսը, առաջին անգամ հայ հողի վրա, ստանում էր այն պատիվներն ու մեծարանքները, որ մինչ այդ սովոր էին մատուցանելու սրի հերոսին…

     

     

    Ուսուցիչների օրը նշվում է ամեն տարի սկսած՝ 1994 թվականի հոկտեմբերի 5-ից։ Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզվելը, որ ուսուցիչները կարողանում են բավարարել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» (Recommendation concerning the Status of Teachers) վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

    Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։

    shape
    book-shape